«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

18 - 20 սեպտեմբերի 2009թ.
«Ես մարդ եմ» կինոփառատոնն արդեն երրորդ տարին ներկայացնում է փաստագրական ֆիլմեր՝ նվիրված հանդուրժողականությանը, մարդու իրավունքներին և կոնֆլիկտների հաղթահարմանը: Վերջին երկու տարում փառատոնն «այցելել» է Հարավային Կովկասի 51 բնակավայր: Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող 10-12 բարձրորակ վավերագրական ֆիլմերը նախօրոք ընտրվում են Պրահայում կայացող «Մեկ աշխարհ» կինոփառատոնում:
2009թ. ոչ մրցութային կինոփառատոնի անցկացումը հնարավոր դարձավ «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի և Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Փառատոնի աշխարհագրության հարավկովկասյան 26 քաղաքների թվում Հայաստանից ընդգրկված են Եղեգնաձորը, Նոյեմբերյանը, Վանաձորը, Կապանը և Երևանը, Լեռնային Ղարաբաղից՝ Ստեփանակերտը և Հադրութը:
Շարունակելով 2008թ. ձեռքբերումները, «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը երկրորդ անգամ հաջողությամբ կազմակերպեց մարդու իրավունքներին և խաղաղությանը նվիրված «Ես մարդ եմ» կինոփառատոնը Վանաձորում:
Փառատոնի կազմկոմիտեն՝ Հարավային Կովկասում փառատոնի համակարգող Հելենա Զայցովա (Չեխիա), ասիստենտ՝ Թամունա Գուրչիանի (Վրաստան), Հայաստանում փառատոնի համակարգող Լուիզա Պողոսյան:
Փառատոնի հյուրը՝ ազգությամբ աբխազ Ռուսուդան Մարշանիան ներկայացնում է վրացական «Դեմ առ դեմ» հասարակական կազմակերպությունը: Ռուսուդանն, ընտրելով փոքր հայրենիքը՝ ընտանիքը և ազգությամբ վրացի ամուսնուն` տեղափոխվել Թբիլիսի:
Փառատոնի առաջին օրը երեկոյան փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը հյուրընկալվեցին «Միգ» Հ/Ը-ում: Ուղիղ եթերում հասարակության առավել լայն հատվածներին նրանք ներկայացրեցին կինոփառատոնի գաղափարախոսությունը, կիսվեցին տպավորություններով և պատասխանեցին հեռուստադիտողների հարցերին:
Եռօրյա կինոդիտումները, դրանց հաջորդող ակտիվ և արդյունավետ քննարկումները ծնունդ տվեցին նոր տեսակետների, գաղափարների և մոտեցումների: Կինոփառատոնը ցույց տվեց, որ վավերագրական կինոյի լեզվով խաղաղության և հակամարտությունների կարգավորման տեսակետների ներկայացումը բավական հետաքրքիր ու արդիական է: Դա են վկայում փառատոնի ավարտից հետո էլ ստացվող բազմաթիվ դրական արձագանքներն ու նմանատիպ միջոցառումներն ավանդական դարձնելու առաջարկները:
Փառատոնի լուսանկարները՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ:
|